ԵՄ-ն բարեփոխման կարիք ունի։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ պետք է նվազ բյուրոկրատական Եվրոպա, որը ավելի լավ կպաշտպանի իր քաղաքացիների շահերը»,- ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «առանց Եվրոպայի չի լինի խաղաղություն, բարգավաճում ու ազատություն»։

«Մենք պատրաստ ենք կառույցների բարեփոխմանն ու նոր համաձայնագրերի»,- հայտնել է Մակրոնը։ Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է անցկացնել արմատական վերափոխումներ ոչ միայն ԵՄ-ում , այլեւ եվրոգոտում։

Դրանից բացի Ֆրանսիայի նախագահը խոստացել է Գերմանիայի համար լինել «անկեղծ ու կառուցողական գործընկեր»։ «Մենք պետք է շարժվենք ավելի ժողովրդավարական ԵՄ-ի ուղով»,- ասել է Մակրոնը։

Նա նաեւ խոստացել է մոտ ժամանակներս Ֆրանսիայում իրականացնել սոցիալական ու տնտեսական բարեփոխումներ։

«Ֆրանսիան միակ երկիրն է, որը չի կարգավորել զանգվածային գործազրկության խնդիրը։ Մեզ պետք են խորը բարեփոխումներ, որոնք կիրականացվեն մոտ ժամանակներս»,- ասել է նա։