ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հսկողության հարցերով հանձնաժողովում դեմոկրատների ղեկավար Էլայջա Քամինգսը հայտնել է , ո ր Սպիտակ տունը հակազդում է Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի հնարավոր կապերի հետաքննությանը։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Էլայջա Քամինգսը հայտնել է, որ Սպիտակ տունը արգելափակում է հետաքննությունը, հրաժարվելով տեղեկություններ տրամադրել։

Նախօրեին New York Times թերթը գրել էր, որ Դոնալդ Թրամփը ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին խնդրել էր դադարեցնել հետաքննությունը ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին օգնական Մայքլ Ֆլինի նկատմամբ։ Սպիտակ տունը հերքում է այս տեղեկությունը։ Թրամփը Քոմիին աշխատանքից հեռացրել է անցած շաբաթ՝ հայտնելով, որ նա ունակ չէ կատարել իր պարտականությունները։ Քոմին հետաքննություն է իրականացրել Թրամփի նկատմամբ՝ «Ռուսաստանի հետ նրա ենթադրյալ կապերի թեմայով», որոնք հերքում են թե Սպիտակ տունը, թե Կրեմլը։ Բացի դրանից  Washington Post թերթը վստահեցնում է, որ Թրամփը անցած շաբաթ Սպիտակ տանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նրան պատմել է ԻՊ-ի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք «վտանգել են հետախուզական տեղեկությունների հույժ կարեւոր աղբյուրին»։