ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգված է թուրք անվտանգության աշխատակիցների ու ցուցարարների մասնակցությամբ միջադեպերով։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։
«Բռնությունը երբեք չի կարող համարժեք պատասխան լինել խոսքի ազատությանը ու մենք ամենուր աջակցում ենք խոսքի ազատության ու խաղաղ հանրահավաքների՝ բոլոր մարդկանց իրավունքները։ Մենք մեր ամենավճռական մտահոգությունն ենք հայտնում թուրքական կառավարությանը»,- ասվւոմ է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հայտնել էր, որ քաղաքացիները խաղաղ հանրահավաք էին անցկացնում ԱՄՆ Էրդողանի այցելության դեմ։ Սպիտակ տան մոտ կազմակերպված ակցիան անցնում էր խաղաղ, իսկ թուրքական դեսպանատան մոտ ցուցարարների վրա հարձակվել են Թուրքիայի նախագահի կողմնակիցները։
Ցուցարարներին միացել են նաեւ ամերիկահայերը՝ հունական, քրդական ու ասորական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին։




























