ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին գալիք բանակցությունները դարձել են առաջնայնություն երկրի իշխող Պահպանողական կուսակցության նախընտրական ծրագրում։ Վարչապետ Թերեզա Մեյը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այդ ծրագրով քաղաքական ուժը, որի առաջնորդը Մեյն է, կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք հունիսի 8-ին են նշանակված։
Հաղթանակի դեպքում 84 էջանոց փաստաթղթում պարունակվող բոլոր խոստումները կուսակցության համար դառնալու են ուղենիշ սկզբունքներ առաջիկա հինգ տարիներին։
Նախընտրական մանիֆեստում կուսակցությունը ներկայացրել է իր տեսակետները հարցերի լայն շրջանակի մասին՝ հարկեր, բյուջետային պակասուրդ, պետական ծախսեր, փոխհարաբերություններ Թագավորության տարբեր մասերի հետ, միջազգային համագործակցություն։





























