Նախագահական ընտրություններին դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը հանրապետական Դոնալդ Թրամփի հետ բանավեճերից առաջ փորձում էր, թե ինչպես կարելի է խուսափել գրկախառնություններից, այս մասին է վկայում Քլինթոնի նախկին օգնական Ֆիլիպ Ռայնսի տարածած տեսագրությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Տեսագրության մեջ երեւում է, որ Քլինթոնը բանավեճից առաջ փորձ է անում մի դերասանի հետ, որը Թրամփի դերն էր կատարում։ Քլինթոնը բանավեճի սկզբում ձեռքը պարզած՝ ընդառաջ է գնում «Թրամփին», որը վազում է նրան ընդառաջ՝ պատրաստվելով գրկախառնության։ Քլինթոնը խույս է տալիս «Թրամփից» ու փորձում է հեռանալ, բայց նա հասնում է Քլինթոնին, բռնում ուսերից ու երկու անգամ համբուրում նրա գլուխը։ Ետեւում լսվում է Քլինթոնի օգնականների ծիծաղը։ «Իմ սիրելի պահը բանավեճերին նախապատրաստվելու փորձերից»,- գրել է Ռայնսը։

Twitter –ի օգտատերերից մեկը հարցրել էր, արդյոք տեսագրությունում հենց Քլինթոնն է պատկերված։ «Հենց նա է»,- պատասխանել էր ՌԱյնսը։

Քլինթոնը վերահապարակել էր այս տեսագրությունը՝ մակագրելով «Ես այսօր երկար ծիծաղում էի, տեսնելով այս տեսագրությունը։ Հույս ունեմ , այն ձեր օրը հաճելի կդարձնի»։

Բանավեճերի ժամանակ Քլինթոնն ու Թրամփը բազմիցս ցուցադրաբար խուսափել են ձեռք սեղմելուց։ Նրանք երբեք չեն գրկախառնվել։ Քլինթոնը պարտվել է Թրամփին անցած տարվա նոյեմբերին։

«Թրամփի գրկախառնությունների» թեման օրվա ընթացքում երկրորդ անգամ է քննարկվում ԱՄՆ մեդիա տարածքում։ Մինչ այդ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի ընկերները Hill թերթին հայտնել էին, որ Քոմիի համար «զզվելի էր» , երբ Թրամփը նրան հրապարակավ գրկել էր միջոցառումներից մեկի ժամանակ։