Փհենյանը ծիծաղելի է համարում հաքերների վերջին հարձակմանն իր մասնակցության մասին հավաստիացումները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում երկրի ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռյոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է կիբերհարձակմանը, ապա այն ԿԺԴՀ-ի հետ կապակցելը ծիծաղելի է»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով նման հավաստիացումները ԱՄՆ թշնամական քաղաքականության մի մասն են։

Կիմ ԻՆ Ռյոնի խոսքով «ամեն անգամ, երբ մի տարօրինակ բան է տեղի ունենում» ամերիկյան կողմը աղմուկ է բարձրացնում՝ Փհենյանին զրպարտելու նպատակով։

Մայիսի 12-ին հաքերները զանգվածային հարձակում էին իրականացրել 150 երկրների համակարգիչների վրա, ինչից տուժել է առնվազն 200 հազար ֆիզիկական ու իրավաբանական անձ։ Հաքերների օգտագործած WannaCry վնասատու ծրագրի կոդի որոշ մասեր, ըստ «Կասպերսկու լաբորատորիայի» ու Google-ի, մինչ այդ օգտագործվել է նաեւ Lazarus Group խմբի կողմից, որը ենթադրաբար ԿԺԴՀ-ից է կառավարվում։