Այսօր` նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Էլբատ» ընկերության բացման արարողությունը, որի ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկրի ղեկավարը շրջայց կատարեց գործարանում, ծանոթացավ արտադրական  գործընթացին:

«Մեկնարկային կուտակային մարտկոցներ արտադրող հայ-գերմանական «Էլբատ» ընկերությունը նախատեսում է տարեկան արտադրել 300 հազար հատ մարտկոց, Հայաստանում կիրացվի դրանցից շուրջ 170 հազարը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Աբրահամյանը: Նրա խոսքով, «Էլբատ» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2007 թվականին։ «Բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությանը, 49 տոկոսը՝ հայկական կողմին։ Գործարանն արտադրելու է մեկնարկային  մարտկոցներ, նմանատիպ արտադրություն ողջ տարածաշրջանում գոյություն չունի, այսինքն՝ գործարանն իր տեսակի մեջ միակն է»,- ասաց Աբրահամյանը, հավելելով, որ մնացած արտադրանքը կարտահանվի։ «Հայաստանում չեն գտնվի մեքենաներ, որոնց համար մեր արտադրած մարտկոցները անհնար լինի օգտագործել»,- հավաստիացրեց Ս. Աբրահամյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գործարանում կա մոտ 150 աշխատատեղ։ «Նախատեսվում է այդ աշխատատեղերի քանակը հասցնել մինչեւ 170-ի։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա մեզ մոտ միջին աշախատավարձը կազմելու է շուրջ 206 հազար դրամ»,- ընդգծեց նա:

«Էլբատ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Հակոբ Հակոբյանն իր հերթին  ավելացրեց, որ գործարանի վերակառուցումը սկսվել է 2008 թվականի ձմռանը։

«2009 թվականի հունվարին՝ շենքի վերակառուցումից հետո սկսեցինք հաստոցների ներկրումը։ Հաստոցներ ներկրեցինք 13 եվրոպական ընկերություններից՝ Իտալիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ին չպես նաեւ ԱՄՆ -ից»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ գործարանի արտադրությունն  սկսելու համար ներդրվել է 17,5 մլն եվրո։

«Էլբատ» ՓԲԸ –ի բացման արարողության հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպան  Հանս Յոխեն Շմիդթ, ով   իր հերթին  կարեւորելով Հայաստանի՝ որպես ատասահմանյան ներդրումների համար հարմար երկիր լինելու հանգամանքը, հույս հայտնեց, որ հայ-գերմանական գործարար կապերն  եւ ներդրունմային  ծրագրերը այսուհետ եւս կզարգանան։

Նշենք, որ գործարանի բացմանը ներկա էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Տարածքային  կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։