Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթը Ծաղկաձորում ընթացող տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանմանը նվիրված սեմինարին ասել է, որ հայաստանյան օլիգարխիկ-կարտելային կառույցներն անհրաժեշտ է ջարդել։ Այս մասին Ծաղկաձորից հայտնեց NEWS.am-ի թղթակիցը:
Դեսպանի խոսքով, դա բավական դժվար կլինի, սակայն կարտելները քանդելն անհրաժեշտ է տնտեսական դաշտում մրցակցություն ապահովելու համար։ Նա օրինակ է բերել Գերմանիան, երբ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո անգլոամերիկյան ուժերը ստիպեցին քանդել բոլոր կարտելային ուժերը, ինչից հետո Գերմանիայի արդյունաբերությունը սկսեց բավականի դինամիկ զարգացում ապրել։
Դեսպանի խոսքով, որպեսզի տնտեսական մրցակցության հանձնաժողովը կարողանա ջարդել կարտելային կառույցները, պետք է աջակցություն ստանա կառավարության եւ խորհրդարանի կողմից:
Վերջում Հանս Յոխեն Շմիդթը նաեւ նշել է, որ կարտելների նկատմամբ պետք է կիրառվեն խիստ պատժամիջոցներ՝ հետագա չարաշահումները կանխելու համար:





























