ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են Ադրբեջանի վերաբերյալ ավելի թափանցիկ հայտարարություններով հանդես գալ՝ հաշվի առնելով Սիրիայի իրադրությունը։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով թե որքան անկանխատեսելի է իրադրությունը Սիրիայում, ապա տարածաշրջանում ռազմական գործողությունների նույնիսկ մշուշոտ հեռանկարը շատ վտանգավոր է համարվում։ Այդ պատճառով էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի կողմ թողեցին անհասցե հայտարարությունները եւ նշեցին այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։ «Իհարկե, տեսնելով Ադրբեջանի ղեկավարության վարքագիծը, թույլ տվեք կասկածել, որ Բաքվի հետ հնարավոր է ինչ-որ բան քննարկել։ Բայց միանշանակ է, որ նման հայտարարություններն անհրաժեշտ են։ Եւ որ միջազգային հանրությունը պետք է արձագանքման ավելի կոշտ մեխանիզմներ ձեւավորի, եւս ակնհայտ է», - նշել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ընդգծվում է. «Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան եւ հաջորդ օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում եւ տագնապի առիթ են»։





























