Տարերային աղետների հետեւանքները համաշխարհային տնտեսությանը տարեկան 520 մլրդ դոլարի վնաս են հասցնում։ Դրանց հետեւանքով 26 մլն մարդ է ընչազուրկ դառնում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամեդը։ Մոհամեդն այս մասին ասել է Մեքսիկայի Կանկուն քաղաքում տարերային աղետների վտանգի նվազեցման վերաբերյալ համաժողովի բացման ժամանակ, հաղորդում է «ՄԱԿ-ի ռադիո»-ն։
Նրա խոսքով՝ դա անթույլատրելի է, եւ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի։ «Գլխավոր քարտուղարը ցանկացած պարագայում առաջնային է համարում կանխարգելումը՝ հակամարտությունների, տարերային աղետների հետեւանքների կամ մարդկանց բարեկեցության դեմ այլ սպառնալիքների։ Սպառնալիքը հետ մղելու լավագույն միջոցը համապարփակ եւ կայուն զարգացումն է, որն օգնում է արմատախիլ անել խնդիրները»,- նշել է նա։
Նա նշել է, որ կառավարությունները պետք է կանխարգելման միջոցառումներին այնքան լուրջ վերաբերեն, որքան արդեն տեղի ունեցած աղետների հետեւանքները հաղթահարելուն։




























