Թերթի տեղեկություններով, Պետեկամուտների կոմիտեն, ըստ էության, հետ է կանչել մի քանի տասնյակ տնտեսվարողների մոտ նշանակված հարկային ներկայացուցիչներին: «Եթե հիշում եք, հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություներով, այս տարվա հուլիսին հարկային ներկայացուցիչներ նշանակվեցին սննդամթերքի, ծխախոտի, դեղերի ներմուծմամբ եւ արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններում: Այդ ներկայացուցիչներն իրավունք ունեին տեղում ստուգել ընկերությունների ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, ստուգել պահեստները, ապրանքի առաքման ծավալները եւ այլն: Հարկային ներկայացուցիչները մինչեւ վերջերս այդ ընկերություններ էին այցելում ինչպես աշխատանքի՝ առավոտյան գնում, երեկոյան վերադառնում էին:

Սակայն, ինչպես եւ կանխատեսվում էր, ժամանակը ցույց տվեց, որ այդ ներկայացուցիչների ինստիտուտը բոլորովին անիմաստ է՝ հարկային հավաքագրումներն այդ ընկերություններից ամենեւին էլ չավելացան: Բայց այս ամռանը այդ ինստիտուտի հետ կապված ինչ հզոր ճառեր էին հնչում»,-գրում է թերթը՝ շարունակելով. «Եւ ահա, հարկային ներկայացուցիչներ անվանումով բեմադրությունը կարելի է ավարտված համարել: Պաշտոնապես հարկային ներկայացուցիչները դեռ շարունակում են իրենց գործունեությունը, եւ որեւէ պաշտոնական հրաման նրանց հետ կանչելու կամ գործունեությունը դադարեցնելու մասին չկա, սակայն արդեն բավական ժամանակ է՝ հարկային որեւէ ներկայացուցիչ չի երեւում իրեն «ամրակցված» ընկերությունում»: Նշենք, որ ստվերային տնտեսության դեմ «պայքարի» այս մեթոդի հեղինակային իրավունքը պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ նրա ամենամտերիմ զինակից, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին: Ըստ այդմ, պետք է արձանագրել, որ այս զույգի հերթական «բարեփոխումը» տապալված է հիմնովին: