Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ արդեն 2009 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանում կնկատվեն ճգնաժամի հաղթահարման նախանշաններ: Նախարարն իր հայտարարությունն արել է Լոնդոնում BRIC երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան եւ Չինաստան) ֆինանսների նախարարների հանդիպման շրջանակներում:
Ըստ Կուդրինի՝ Ռուսաստանի բյուջեի պակասորդն ընթացիկ տարվա արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 8 տոկոսը, 2010թ.՝ 7 տոկոսը, իսկ 2011-2012թթ.` միայն 3 տոկոսը: Կուդրինը նաեւ նշել է, որ 2010թ. ընթացքում Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է տնտեսության խթանման նպատակով իրականացնել ակտիվ միջամտություն տնտեսական գործընթացներին:
Նշենք, որ նախնական տվյալներով՝ 2009թ. Առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՆԱ-ն Ռուսաստանում կրճատվել է 10.2 տոկոսով:
Ի դեպ, շատ վերլուծաբաններ Հայաստանի՝ ճգնաժամից դուրս գալու հնարավորությունը կապում են Ռուսաստանի հետ, եւ որքան շուտ Ռուսաստանը դուրս գա ճգնաժամից, այնքան ավելի լավ Հայաստանի համար:



















