Կառավարությունը որոշել է դադարեցնել 2010 թ. չորրորդ եռամսյակում տրամադրված ՀԴՄ կտրոնների դիմաց դրամային բոնուսների վճարումը։ Դրա հիմնական պատճառը պետական բյուջեում միջոցների անբավարարությունն է։ 2010 թ. պետական բյուջեում բոնուսների վճարման համար նախատեսված էր 1,37 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար), որը համարյա ամբողջովին սպառվեց առաջին կիսամյակի ընթացքում։ Երրորդ եռամսյակի կտրոնների բոնուսները վճարվեցին կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 655 մլն դրամի (մոտ 1,8 մլն դոլար) հաշվին։
Հարկ է նշել, որ այս ընթացքում մանրածախ առեւտրում ստվերի կրճատման որեւէ լուրջ միտում չի արձանագրվել։ Օրինակ՝ մանրածախ առեւտրի շրջանառության աճը հունվար-հոկտեմբերին կազմել է ընդամենը 0,7 տոկոս։ Այնինչ շահող կտրոնների եւ բոնուսների վճարման հիմնական նպատակներից մեկը հենց ստվերի կրճատումն էր, այնպես, որ բյուջեն ավելի շատ գումար կստանա, քան վճարում է բոնուսների ու շահումների համար։
Բոնուսների վճարման ընթացքը ցույց տվեց, որ գումարները ստանում են սահմանափակ թվով անձինք, իսկ հասարակության մեծ մասը դրանից չի օգտվում։ Կառավարությունը որոշեց գումարային բոնուսները փոխարինել գույքային շահումներով, սակայն չի կարելի միանշանակ պնդել, որ դա կարդարացնի իրեն։ Այն ենթադրությունները, որ հայերը ազարտային ազգ են՝ հիմնավորված չեն։
Հ.Գ. Այսօր Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը բրիֆինգ է անցկացրել բոնուսների վճարման նոր կարգի վերաբերյալ։ Բրիֆինգին հրավիրվել են բացառապես հեռուստատեսությունները, որոնք սովորաբար կառավարության քաղաքականությունը չեն քննադատում։ Հավանաբար՝ պետեկամուտների կոմիտեում խուսափում են սուր հարցադրումներից։
Սամվել Ավագյան




























