Հայաստանում տարածվել է բիզնեսի մի նոր տեսակ՝ պարտադիր ավտոապահովագրության գործակալ։ Երեւանի համարյա բոլոր անկյուններում բացվել են ավտոապահովագրական գրասենյակներ։ Դրանք ամենուր են՝ սուպերմարկետներում, բանկերի մասնաճյուղերում, թերթի կրպակներում, վարսավիրանոցներում, ավտոլվացման կետերում, էլ չասած անթիվ-անհամար առանձին կետերը։ Առայժմ միայն հասարակական զուգարաններում եւ գիշերային ակումբներում է, որ պարտադիր ապահովագրություն չեն առաջարկում, բայց դա էլ երեւի միայն ժամանակի հարց է։ Ներկա դրությամբ՝ ապահովագրական կետերը իրենց տարածվածությամբ զիջում են միայն խանութներին ու կրպակներին։

Մի քանի հազար մեր հայրենակիցներ զբաղված են ապահովագրական գործառույթներ իրականացնելով։ Իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ ապահովագրական գործակալ լինելու համար մեծ խելք ու հատուկ արտոնագիր չի պահանջվում։ Թեեւ հարկ է նշել, որ ապահովագրական գործակալների մի մասը դասընթացներ է անցել ու սերտիֆիկացված է։ Հենց այս խավն էլ, որ ամենամեծ սպասումներ ուներ ապահովագրական բիզնեսից, բայց ամենաշատն է տուժում։ Սովորաբար գործակալությունը նրանց թողնում է ապահովագրության արժեքի 10 տոկոսը, որը 2500-5000 դրամի սահմաններում է։ Գործակալները ստիպված են նաեւ վճարել տեղի համար, որ ամսական մոտ 100 հազ. դրամի սահմաններում է։ Որպեսզի շահույթ ունենան՝ հարկավոր է ամսական առնվազն 50 մեքենայի ապահովագրություն, սակայն մրցակցությունն այնքան մեծ է, որ գործակալների մեծ մասը վնասներ է կրում։

Գործակալական ցանցերի մի մասը նույնիսկ խրախուսման միջոցներ են կիրառում։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս ապահովագրել ավտոմեքենան ընկերության սպասարկման կենտրոններում, ինչպես նաև ստանալ նվերներ` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը պայմանագիր կնքելու դեպքում:

Ապահովագրական գործակալները մեզ հետ զրույցներում ասում են, որ գործակալական ցանցերի նման տարածումը անիմաստ է դարձնում իրենց աշխատանքը եւ ջուրն է թափում այն ժամանակը, որ նրանք ծախսել են դասընթացների, սերտիֆիկատներ ձեռք բերելու եւ ապահովագրության համար։

Հոկտեմբերն ընդհանուր առմամբ հաջող ամիս չէր ապահովագրողների համար։ Գործակալները մի փոքր հույս ունեն, որ դեկտեմբերին ապահովագրումների թիվը կավելանա, սակայն այդ բիզնեսը փող աշխատելու տեսանկյունից հեռանկարային չեն դիտում։ «Շահելու են  միայն ապահովագրական ընկերությունները եւ գործակալական խոշոր ցանցերը»,- ասում է գործակալ Արմենը։

Ապահովագրական ընկերությունների միջեւ թեժ մրցակցություն է գնում հաճախորդներ գրավելու առումով, ինչն, իհարկե, հույսեր է ներշնչում, որ ոլորտը մենաշնորհային չի դառնա։ Ապահովագրական ընկերությունները լայնամասշտաբ գովազդային արշավ են սկսել, որը այս պահին զիջում է միայն բջջային շուկայի գովազդին։ Սակայն ակնհայտորեն զգացվում է, որ ընկերությունների մարկետինգային քաղաքականությունն առանձնապես ճկուն չէ։ Օրինակ՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի գովազդային արշավը, որը ամենամասշտաբայինն է ապահովագրական մյուս գործակալությունների համեմատ, կարելի է համեմատել այն բանի հետ, երբ մի քանի թնդանոթից կրակում են ճնճղուկի վրա, սակայն ճնճղուկը կենդանի է մնում։

 

Սամվել Ավագյան