Այսօր՝ նոյեմբերի 25-ին հրավիրած ասուլիսում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, ով նաեւ ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի նախագահն է, հայտարարեց, որ ներկա պահին պարտադիր ապահովագրված է ավտոմեքենաների մոտ 10 տոկոսը։ «Ցավոք, չունենք այն տեմպը, որ կցանկանայինք ունենալ»,- ասաց Վ. Գաբրիելյանը։ Նա ապահովագրական գործընթացի ձգձգման ողջ մեղավորությունը բարդեց ավտոմեքենաների սեփականատերերի վրա, հընթացս սպառնալով, որ հունվարի 1-ից բոլոր պոլիս չունեցողներին կտուգանեն։ «Մինչեւ որոտ չորոտա, գյուղացին չի խաչակնքի»,- հին ռուսական ասացվածքը մեջբերեց ԿԲ պաշտոնյան։
Նրա գնահատմամբ՝ «զրոյական» է հավանականությունը, որ կառավարությունը կհետաձգի պոլիսների վաճառքի գործընթացը։
ԿԲ պաշտոնյայի այս հայտարարությունները առնվազն տարակուսանք են հարուցում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ պետական մեքենաները մինչ այսօր չեն ապահովագրվել։ Մի կողմից՝ կառավարությունը մեղադրում է հասարակությանը սպասողական դիրք գրավելու համար, մյուս կողմից ինքն է անպարտաճանաչություն հանդես բերում։ Ընդ որում՝ բյուջեի համար ծառայողական մեքենաների պարտադիր ապահովագրությունն այնքան էլ մեծ բեռ չէ՝ խոսք է գնում 20-30 մլն դրամի մասին։
Հայ հանրության համար դժվար է կողմոնրոշվել ապահովագրական ընկերությունների գովազդային տարափի ներքո, որի ընթացքում քչերն են իրենց նեղություն տալիս խոսել ապահովագրական պայմանների մասին։ Բացի այդ՝ հենց ավտոապահովագրողների բյուրոյի եւ ԿԲ-ի մեղքով պոլիսների վաճառքի գործընթացը հետաձգվեց 18 օրով՝ նախապես հայտարարված հոկտեմբերի 1-ին սկսելու փոխարեն սկսվեց հոկտեմբերի 18-ին։ Թեեւ Վ. Գաբրիելյանը ուշացման համար իրենց մեղավոր չի ճանաչում՝ մեղքը բարդելով սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների վրա, իրականում հենց սակագնային պլանի հաստատման եւ ԱՊՊԱ կտրոնների տպագրման ձգձգումն են պատճառ եղել գործընթացը ուշ սկսելու համար։ Ցավոք՝ մեր պաշտոնյաները սովոր չեն մեղքի իրենց բաժինն ընդունել։




























