Այսօր՝ նոյեմբերի 25-ին Հայաստանի կառավարությունը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի առաջարկով քննարկում էր Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Քննարկման ընթացքում սուր բանավեճ ծավալվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի միջեւ։
Խնդիրը հետեւյալն է. փոքր ՀԷԿ-երին ջրօգտագործման թույլտվությունը տրվում է 3 տարի ժամկետով։ Սակայն մեկ այլ օրենքով՝ «Էներգետիկայի մասին», կառավարությունը երաշխավորում է փոքր ՀԷԿ-երին, որ առնվազն 15 տարով կգնի նրանց արտադրած էլեկտրաէներգիան։ Այսինքն՝ այս 2 օրենքների միջեւ արտաքուստ առկա է հակասություն՝ ներդրողը վստահ չէ, որ իրեն 15 տարի թույլ կտան օգտագործել ջուրը:
Բնապահպանության նախարարությունն առաջարկում է ջրօգտագործման թույլտվությունը տալ «մինչեւ 15 տարի» ձեւակերպմամբ։ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը սրան դեմ է՝ նա գտնում է, որ ջրօգտագործման թույլտվությունը պետք է կազմի առնվազն 15 տարի, որպեսզի ներդրողները վստահ լինեն: Նազարյանի այս առաջարկությունը հունից հանեց վարչապետին՝ կառավարության նիստի ընթացքում նա բարձր տոնով սկսեց հանդիմանել ՀԾԿՀ նախագահին, ասելով, որ պետության շահերը նույնպես պետք է պաշտպանել։ Սակայն Ռ. Նազարյանին պաշտպանեց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։ Իսկ բնապահպանության նախարարն առարկեց, որ ջրային ռեսուրսների օգտագործման թույլտվությունը պետք է տա Ջրի ազգային խորհուրդը, որը ղեկավարելու է վարչապետը։ Իսկ այդ խորհուրդը, ըստ Ա. Հարությունյանի, միայն լավ բիզնես ծրագրեր ներկայացնողներին կտրամադրի 15 տարվա թույլտվություն:
Բանավեճը առժամանակ հարթեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ասելով, որ թույլտվությունները պետք է տրվեն 5-15 տարի ժամկետով:




























