Այսօր` նոյեմբերի 25-ին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այցելել է «Վիշապի կոթողներ» այգի, որտեղ ապօրինի շինարարության փորձ էր արվել։ Նախարարի այցի մասին մանրամասներ է հաղորդում «Էկոլուր» հ/կ-ն։
Նախարարը «Վիշապի կոթողներ» այգի էր եկել «Ժառանգություն» կուսակցության դիմումի համաձայն, որը խորհրդարանում` հարց ու պատասխանի ժամանակ, կառավարության առաջ բարձրացրել էր շինարարության անօրինականության հարցը: Կուսակցության եւ հասարակության հիմնական փաստարկներն այն էին, որ շինարարությունն իրականացվում է հանրային տարածքում եւ առանց թույլատրող փաստաթղթերի:
Մասնավորապես, «Air Construction» ընկերությունը չունի Շրջակա միջավայրի վրա ազդեցության բնապահպանական պետական փորձաքննության եզրակացություն: Դրա հետ մեկտեղ նշենք, որ փորձաքննության գլխավոր բաղկացուցիչներից է հասարակական լսումներ անցկացնելը:
Շինարարությունը նախարարի հրամանով պետք է դադարեցվեր դեռեւս նոյեմբերի 19-ին: Չնայած հրամանին` աշխատողները շրջափակեցին տարածքը ալյումինե թիթեղներով, կանգնեցրին երկաթե սյուներ, խորը փոսեր փորեցին: Բնակիչների վկայությամբ` ամբողջ գիշեր այգում ծանր տեխնիկա է աշխատել:
«Բայց չէ որ մենք պայմանավորվել էինք, որ ոչ մի աշխատանք չի իրականացվի, մինչեւ փորձաքննության եզրակացության ստացումը, պետք է հասարակական լսումներ անցկացնել եւ լուծում գտնել»,- ասաց նախարարը: Նրա հետ էր նաեւ Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը:
«Մենք ակտ ենք կազմել, վաղը կներկայացնենք վերջնական եզրակացությունը, բայց, երեւում է` աշխատանքները շարունակել են»,- ասաց Պապոյանը: Ամբողջ խոսակցությունից տպավորություն ստեղծվեց, որ նախարարության համար անչափ անցանկալի է կոնֆլիկտի մեջ մտնել կառուցապատողների հետ: Ընկերության գործադիր տնօրեն Վոլոդյա Առաքելյանի խոստմանը` հանված ծառերն այլ տեղ տեղափոխել, նախարարն ասաց. «Շատ լավ, պետք է ձեւակերպել համապատասխան փաստաթղթերով»:
Ի դեպ, ծառերի մասին: Հրաշքի նման մի գիշերվա մեջ հատումներից ոչ մի հետք չէր մնացել: Մի քանի օր առաջ արված լուսանկարներով Ստեփան Սաֆարյանը («Ժառանգություն» կուսակցություն) եւ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սկսեցին փնտրել մնացորդները: Կոճղերի մի մասն այրված էին, մի մասն էլ ծածկված էր փորված փոսերի հողով: Բայց դրա վրա իշխանության ներկայացուցիչներն ուշադրություն չդարձրեցին: Իսկ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի առաջարկին` ժամանակն է վերջ տալ Երեւանում անօրինական շինարարությանը, որն իրականացվում է առանց փորձաքննության եզրակացության, նախարարը պատասխանեց. «Մի խանգարեք մեզ աշխատել»:
Ակցիայի մասնակիցները հաստատակամ էին: «Մենք ձեզ չենք տա այս տարածքը, մենք խնամել ենք այն, այստեղ խաղացել են մեր երեխաները եւ խաղալու են մեր թոռները»,- ասաց բնակիչներից մեկը: «Դատի պետք է տալ ոչ թե ընկերությանը, այլ նրանց, ովքեր թույլ են տալիս նրան այդպես գործել»,- ավելացրեց մեկ ուրիշը:
Կառավարության ներկայացուցիչներին սպասելու ընթացքում հասարակությունը ձեռքը վերցրեց բահերը եւ մուրճերը, հանեց թիթեղները եւ սկսեց հողով լցնել փոսերը: Այս գործողություններին ի պատասխան ժամանեց ոստիկանությունը, բայց բնակիչների նկատմամբ ուժային միջոցառումներ չձեռնարկեց:




























