Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի խոսքով հայկական բանակում առկա երկու գլխավոր խնդիրները քրեականացումն է եւ անօրինականությունը: Այս մասին նոյեմբերի 25-ին ասաց նա Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում կազմակերպված քննարկման ժամանակ:

«Անօրինակությունն սկսվում է այնտեղից, երբ ՀՀ քաղաքացիները ծառայում են ԼՂՀ-ում: Անօրինականությունը նույն ժանտախտն է  կամ քաղցկեղը: Եթե քաղցկեղը շուտ չվիրահատեցին, ինքը տարածվում է: Եթե անօրինականությունն սկսվում է, ինքը շարունակվում է: Անօրինականության վրա ստեղծվում է կրիմինալիզացիա, որը շատ ձեռնտու է մեր իշխանություններին: Կրիմինալիզացված բանակի հետ կարելի է աշխատել եւ պահել ձեռքի մեջ: Մեր բանակն այնքան է քրեականացված, որ կա «չաստ նայող», ինչպես գաղութում «զոն» նայող»,-վրդովված նշեց իրավապաշտանը:

Նրա կարծիքով բանակում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ:

«Փոխվի Սեյրան Օհանյանը, գա Խաչատուր Պողոսովը կամ Խաչատուրովը կամ չգտեմ ով,  ոչ մի բան չի փոխվի: Դա չի փոխում բանակը: Այն ի սկզբանե պետք է լինի օրինական: Մենք չգիտենք, որքան մարդ է պահվում Ղարաբաղում եւ չենք էլ իմանա: Հսկայական փողեր է գնում: Կորում է այդ փողերը: Մարդիկ են կորում, ոչ մեկը չգիտի` ո՞նց են դատում այդ մարդկանց»,-ասաց իրավապաշտպանը` հավելելով,  որ տարբերություն չի դնում Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքացիների միջեւ, այլ պարզապես խոսում է անօրինականությունների մասին:

Իրավապաշտպանի համոզմամբ, բանակում սպանությունների մասին վերջին շրջանում սկսեցին ավելի շատ խոսել, որովհետեւ «զզվել են եւ հասկացել, որ վաղը չէ մյուս օրն այդ ամենը ծեծելու է իրենց դուռը»: