Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարեւանությամբ, մասնավորապես, Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներով, որտեղ մեր ժողովուրդը պատմականորեն զգալի ներկայություն է ունեցել: Այս մասին, հունիսի 7-ին, Հռոմում Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների եւ լրագրողների առջեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, նշել է.

«Ցանկանում եմ ներկայացնել Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր տեսակետները: Վերջերս Լոնդոնում, մյուս եվրոպական քաղաքներում եւ այլուր տեղի ունեցած ողբերգական հարձակումները, որոնք հանգեցրին մարդկային զոհերի, պարզ վկայում են, որ այս երեւույթը չի սահմանափակվում միայն Մերձավոր Արեւելքով: Այնուամենայնիվ, համոզված ենք, որ այս չարիքն արմատախիլ անելու համար նախեւառաջ անհրաժեշտ է վերացնել դրան սնուցող հիմքը եւ դրա խորքային պատճառները:

Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարեւանությամբ, մասնավորապես, Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներով, որտեղ մեր ժողովուրդը պատմականորեն զգալի ներկայություն է ունեցել: Հայաստանը բազմիցս է դատապարտել ԴԱԻՇ-ի եւ մյուս ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնում են բնակչությանը տարածաշրջանում եւ անդին: Պատերազմը Սիրիայում կործանարար ազդեցություն ունեցավ իր քաղաքացիական բնակչության, ազգային եւ կրոնական, ներառյալ՝ քրիստոնյա փոքրամասնությունների վրա, ովքեր ահաբեկիչների եւ օտարերկրյա գրոհայինների կողմից ինքնության հողի վրա իրականացված հանցագործությունների պատճառով բախվել են գոյության սպառնալիքի:

Բռնությունները չեն շրջանցել նաեւ Սիրիայի հայերին: Նրանցից շատերը ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 22 հազար փախստական ապաստան է գտել Հայաստանում՝ այդպիսով մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Հայաստանը ջանք չի խնայում սիրիացի փախստականների խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Մենք փորձել ենք օգնության ձեռք մեկնել նաեւ Սիրիայում դրա կարիք ունեցողներին՝ շարունակաբար տրամադրելով մարդասիրական օգնություն, որը սահմանափակված չի եղել միայն Սիրիայի հայությամբ: Այս պահին՝ մինչ մենք զրուցում ենք, մարդասիրական օգնությամբ եւս մեկ օդանավ Հայաստանից հասնում է Սիրիայի ժողովրդին:

Ինչ վերաբերում է միջազգային ջանքերին, համոզված ենք, որ Սիրիայի հարցում անհնար է հասնել համաձայնության առանց համընդգրկուն քաղաքական գործընթացի, որը հաշվի կառնի բոլոր սիրիական խմբակցությունների շահերը՝ բացառությամբ ահաբեկչական խմբավորումների: Անհրաժեշտ է ապահովել պայմաններ՝ հնարավորություն տալով Սիրիայի ժողովրդին առավել անվտանգ միջավայրում արտահայտելու երկրի ապագայի շուրջ իրենց դիրքորոշումը: Կարգավորումը պետք է հաշվի առնի առավել խոցելի խմբերի, ինչպիսիք են էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունները, մասնավոր կարիքները: Բռնությունից տուժած համայնքների վերականգնմանն ուղղված ցանկացած ջանք պետք է աջակցություն ստանա՝ անկախ քաղաքական եւ կրոնական տարբերություններից: