ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռեւս չի կարող հաստատել ռուսական ավիացիայի հարվածի հետեւանքով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկությունը, փոխանցում է RNS-ն: 

Նա նշել է, որ դեռեւս իր տրամադրության տակ չկա այս տեղեկության 100-տոկոսանոց հաստատումը: «Սակայն ցանկանում եմ ասել, որ ոչնչացման, ահաբեկչական խմբավորման գլխատման նման կարգի բոլոր գործողությունների օրինակները բավականին մեծ խանդավառությամբ, մեծ հանդիսավորությամբ են ներկայացվել: Այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ այս կառույցները հետո վերականգնել են իրենց մարտունակությունը, ու մինչ օրս շարունակվում է այս կառույցների ակտիվությունը՝ ե՛ւ ի դեմս ԻՊ-ի, ե՛ւ ի դեմս Ալ Կաիդայի ու բազմաթիվ վերամարմնավորումների՝ ներառյալ «Ջեբհաթ ան Նուսրան»,- ասել է Լավրովը:

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ստուգում է ԻՊ-ի առաջնորդին ոչնչացնելու մասին տեղեկությունը: