Թերթը զրուցել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ:
Դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, կարծես նպատակաուղղված փորձեր են կատարվում վարկաբեկելու մեր արժեհամակարգը, Նիկոյանը պատասխանել է. «Մեր պետության դեմ պայքարի դուրս եկածները հարվածում են այն արժեհամակարգին, որի վրա հիմնված է մեր պետականությունը: Թիրախ են դարձել մեր չորս հիմնասյուները` բանակը, դպրոցը, ընտանիքը, եկեղեցին»,- ասել է նա:
Ըստ Նիկոյանի՝ շատ ցավալի դեպքեր են տեղի ունենում մեր բանակում: «Բոլոր նրանք, ովքեր անկեղծ ցավում են ու ցանկանում են, որ նման բաներ չլինեն բանակում, սրտացավորեն ներկայացնում են, թե զինվորական առողջ փոխհարաբերությունների կողքին ինչպիսի դատապարտելի ու արատավոր երեւույթներ կան: Իսկ այդ արատները բանակ են թափանցել հասարակությունից, քանի որ ինչ տալիս ենք բանակին, այն էլ պետք է ստանանք: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ մերժելի բարքեր կան մեր դպրոցում, բուհերում, փողոցում, ինչ մշակույթ է քարոզվում հեռուստատեսությամբ»,- ասել է ԱԺ փոխնախագահն ու հավելել. «Ուստի պետք է նաեւ գիտակցենք, որ այս հոգեբանությամբ բանակ գնացած պատանին չի կարող դրսեւորումներ չունենալ: Բայց միաժամանակ սխալ է եզակի երեւույթները դարձնել բնութագրական ողջ բանակի համար:
Նույն սխալը կրկնվում է դպրոցի վերաբերյալ: Այդ ո՞վ է դպրոցում չար արարք արել ու չի պատժվել: Ոչ մի խելամիտ մարդ չի կարող արդարացնել, երբ ուսուցիչը հաշվեհարդար է տեսնում աշակերտի նկատմամբ: Բայց գուցե հենց մանուկ տարիքում սխալ կամ անթույլատրելի արարքի համար դաստիարակչական ապտակ չստացած պատանին է, որ բանակում պատուհաս է դառնում: Գուցե եթե նրա ականջը ժամանակին քաշող լիներ, մենք հիմա այլ պատկեր ունենայինք:
Բայց այդ ամենը միտումնավոր խեղաթյուրվում է, հարվածն ուղղվում է դպրոցին, վերացվում է սերն ու պատկառանքը ուսուցչի, գիտելիքի, ուսման հանդեպ»:
ԱԺ փոխնախագահը հայտարարել է, թե «Հաջորդ թիրախը դառնում է հայ ընտանիքը: Պեղվում, գտնվում են վատ ընտանիքներ, ընտանեկան բռնության եզակի դեպքեր, ու ներկայացվում է, թե հայ ընտանիքը, ընտանեկան արժեքները կործանված են: Եթե նպատակը հայ ընտանիքը պահպանելն է, ապա պետք չէ կեղծ կարծրատիպեր ստեղծել, դրանք հակադրել հայ լավագույն հազարավոր ընտանիքներին»:
«Այս ամենից եզրակացնում եմ, որ հարձակումների հաջորդ թիրախը դառնալու է մեր Հայ Առաքելական եկեղեցին: Առանց այս էլ մեր երկիրն այսօր հեղեղված է բազմաթիվ աղանդներով, բայց դրանով չեն բավարարվելու, ավելի լայն գործունեություն են ծավալելու»,- ամփոփել է Նիկոյանը:





























