Վրացական իշխանությունները փոփոխություններ են կատարում քրեական դատավարության օրենսգրքի մեջ` ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի` որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցումը մերժելու նպատակով: «Երկիր» միությունը տեղեկացնում է, որ համաձայն Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել 2009թ. հունիսի 24-ին, օտարերկրյա փաստաբաններին այլեւս չի թույլատրվում երկրի տարածքում իրականացնելու Վրաստանի քաղաքացու պաշտպանությունը (Վրաստանի ՔԴՕ, հոդված 78, կետ 5): Դրա մասին Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի` որպես ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբան գրանցման մերժման բողոքարկման հայցով հունիսի 30-ի դատալսմանը հայտարարեցին պատասխանող կողմի` Վրաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչները:

Ըստ «Երկիր» միության՝ քր.դատ.օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելը համընկնում է ֆրանսիացի փաստաբանի գրանցման հարցի շուրջ ծավալված գործընթացների հետ, ինչը չի կարող պատահականություն լինել, եւ վրացական իշխանությունները հիմք են ստեղծել ֆրանսիացի փաստաբանի գրանցումը մերժելու իրենց հակաօրինական որոշման դեմ հայցը առանց բավարարման թողնելու համար:

«Վահագն Չախալյանի իրավունքների խախտումը պետության բարձրագույն օրենսդիր օղակի գործադրման միջոցով „օրինականացնելու“ այս գործողությամբ վրացական իշխանությունները հերթական անգամ փաստում են, որ ջավախքահայ քաղաքական ակտիվիստի նկատմամբ ընթացող դատավարությունը շինծու մեղադրանքների վրա հիմնված քաղաքական պատվեր է, որն ավարտին հասցնելու համար նրանք ոչ միայն պատրաստ են ոտնահարել արդար եւ անկողմնակալ դատավարության հիմնարար իրավունքը, այլ նաեւ իրենց հայեցողությամբ վերաձեւել իրենց երկրի օրենսդրությունը:

„Երկիր“ միությունը կոչ է անում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին`

- ճանաչել Վահագն Չախալյանին որպես քաղբանտարկյալ.

- համապատասխան գնահատական տալ Վահագն Չախալյանի իրավունքների աղաղակող խատումների փաստերին.

- համապատասխան ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` Վահագն Չախալյանի արդար եւ անկողմնակալ դատավարության իրավունքը ապահովելու ուղղությամբ»,- ասված է միության տարածած կոչում: