Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 09:30-10:00-ի սահմաներում, Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 31 շենքի բակում  անհայտ անձը հրազենով սպանել է մի տղամարդու:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հնչել է 3-4 կրակոց: Սպանվածը 46-ամյա Աշոտ Դերենիկի Հարությունյանն է, ով Կասյան փողոցի վրա ունեցել է արտարժույթի փոխանակման կետ:

Այս պահին դեպքի վայրում են Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը, ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը, Երեւանի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, Երեւանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Եգոր Անտոնյանը, Արաբկիրի ոստիկանապետ Վարուժան Ադամյանը:

Այս պահին սպանության վայրում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետները: Դեպքի վայր ժամանեց նաեւ դիակ տեղափոխող ավտոմեքենան, որպեսզի սպանվածի դին տեղափոխի դիահերձարան:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները շրջափակել են սպանության վայրը, իսկ մի քանի իրավապահներ ու փորձաքրեագետներ այս պահին փորձում են արտաքին միջամտությամբ բացել Կասյան փողոցի վրա գտնվող արտարժույթի փոխանակման կետի դուռը, որտեղ աշխատում էր սպանվածը:

Իրավապահները կասկածներ ունեն, որ սպանվածի մոտ եղել է գումար, որը, հավանաբար, իրենց հետ տարել են սպանություն կատարողը կամ կատարողները:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի. 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Հնարավոր է նաեւ, որ քննության ընթացքում հանցագործությունը վերաորակավորվի:

Լուսանկարները եո տեսանյութը` Գագիկ Շամշյանի