«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կմասնակցեն ԵԱՀԿ գագաթաժողովին: Մենք չպետք է սպասենք Աստանայում նրանց հանդիպման արդյունքներին: Դեռեւս քննարկվում է Աստանայում նրանց հանդիպման ձեւաչափը, որը կպարզվի մոտ օրերս»: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր պոպովը` Երեւանից Բաքու ժամանելուց հետո, հաղորդում է AZE.az-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 25-26-ին համանախագահներն այցելել էին տարածաշրջան եւ հանդիպումներ ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հետ:
Երեւանում տեղի ունեցած հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր պոպովն ու Ռոբերտ Բրադտկեն Երեւանից մեկնել են Բաքու, որպեսզի Բաքվին տեղեկացնեն հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքների մասին:
Իսկ ահա ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Երեւանից մեկնել է Փարիզ, եւ տարածաշրջանային բանակցությունների մասին կտեղեկացնի Ֆրանսիայի իշխանություններին:
Հիշեցնենք, որ դեմտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալու է ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:





























