Ամերիկյան հայտնի Foreign Policy ամսագրի կողմից ներկայացրած համաշխարհային ինտելեկտուալների 100 հոգանոց ցուցակի մեջ է հայտնվել ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուն, ով ներկայումս դասախոսում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

Թուրքական մամուլը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Foreign Policy-ի ցուցակում 2 Թուրքիայի քաղաքացի կա՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ ստամբուլահայ Տարոն Աջեմօղլուն։

NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիա էր հրավիրել ԱՄՆ-ի Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի  տնտեսագիտության պրոֆեսոր, հայազգի Տարոն Աջեմօղլուին։

Milliyet-ի հետ հարցազրույցի ժամանակ, Տարոն Աջեմօղլուն նշել էր, թե երբեք Դավութօղլուի հետ չի հանդիպել, միայն հեռախոսով է հետը խոսել։ «Հուսով եմ, առաջիկայում Թուրքիա կվերադառնամ եւ  նրա հետ մոտիկից կծանոթանամ»-նշել էր հայազգի տնտեսագետը:

Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»  համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։  1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

Տարոն Աջեմօղլուն,  IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն,  աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։