ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման հարցերով կոնֆերանսի նոր զեկույցն իր մեջ արմատական հետեւություն է պարունակում, ըստ որի, աշխարհում գոյություն ունեցող արտարժութային համակարգը արդյունավետ չէ, արգելակում է համաշխարհային տնտեսության զարգացումը եւ հանդիսանում ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը: Այստեղից հետեւություն է արվում, որ դոլարի դերը, որպես համաշխարհային ռեզերվային արժույթ, պետք է վերանայվի: Այս մասին գրում է բրիտանական Telegraph-ը:

Պարբերականը նշում է, որ մի շարք երկրներ, այդ թվում Չինաստանն ու Ռուսաստանը, արդեն քննադատել են համաշխարհային ֆինանսական ճարտարապետությունը, որը հիմնված է դոլարի վրա՝ որպես միջազգային ռեզերվային արժույթի: Սակայն առաջին անգամ է, երբ նման եզրահանգումների է գալիս ՄԱԿ-ի այս կառույցը:

Զեկույցն առաջարկում է ստեղծել նոր համակարգ, որը նման կլինի Բրետտոն-Վուդյան համաձայնագրերին, եւ կկարգավորի փոխարժեքները, ինպես նաեւ կպարտադրի կենտրոնական բանկերին՝ ինտերվենցիաներ կատարել սեփական արժույթն ուժեղացնելու կամ թուլացնելու նպատակով:

Զեկույցի հեղինակներից Դետլեֆ Կոտտեն պնդում է. «Դոլարի փոխարինումն արհեստական արժոյթով կարող է լուծել մի քանի խնդիրներ` կապված միջազգային առեւտրի եւ պետական պարտքի միջեւ առաջ եկած անհամաչափությունների հետ»: Միաժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է փոխարժեքների վերահսկողության համակարգ ներդնել: «Երկրները պետք է կայուն պահեն իրական փոխարժեքները, կենտրոնական բանկերը պետք է ինտերվենցիաներ կատարեն, որոնք ուղղված կլինեն փոխարժեքների կայունությանը, իսկ եթե չցանկանան դա անել, վերազգային ինստիտուտը, ինչպիսին, օրինակ, կարող է լինել Արժույթի միջազգային հիմնադրամը, պետք է իրավունք ունենա պարտադրել նրանց՝ գնալ այդ քայլին»: