Ամերիկյան իշխանությունները թույլատրել են «Ռոսատոմի» դուստր Атомредмедзолото ընկերությանը գնել կանադական Uranium One ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը։ Կանադական այդ ընկերությանն են պատկանում ամերիկյան Վայոմինգ նահանգի մի շարք ուրանի հանքավայրերի շահագործման լիցենզիաները։ Գործարքի համար ռուսական ընկերությունը վճարել է 610 մլն դոլար եւ կանադական ընկերությանն է փոխանցել ղազախական 2 ուրան արդյունահանող ընկերություններում իր փայաբաժինը (50 տոկոս «Ակբաստաու»-ից եւ 49,7 տոկոս «Զարեչնոե»-ից):
Հիշեցնենք, որ «Ռոսատոմը» Հայաստանի կառավարության հետ համատեղ փորձում է շահագործել նաեւ Սյունիքի Լեռնաձոր համայնքի մոտակայքում գտնվող ուրանի հանքավայրը, ինչը հարուցելէ բնապահպանական կազմակերպությունների եւ տեղական իշխանությունների հակազդեցությունը։
Ուրանի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրությունը մեծ է այն պատճառով, որ երկիրը պատրաստվում է 18 նոր ատոմակայան կառուցել, սակայն իր ռեսուրսների հաշվին կարող է բավարարել միջուկային վառելիքի նկատմամբ պահանջարկի միայն 30 տոկոսը։ Այդ պատճառով «Ռոսատոմը» մեծ հետաքրքրություն է ցուցաբերում արտասահմանյան հանքավայրերի նկատմամբ։
Նշենք, որ ամերիկյան կողմը դեռեւս «Ռոսատոմին» արդյունահանված ուրանը արտահանելու թույլտվություն չի տվել, սակայն չի բացառվում, որ հետագայում այդ թույլտվությունը լինի։





























