Նոյեմբերի 26-ին Սալոնիկում (Հունաստան) Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հունաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ հանդիպումը, որին նոյեմբերի 24-25-ին նախորդել է ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիոս Դրուցասը:

Հունաստանը, Ռումինիան եւ Սերբիան մասնակցել են նախարարների, Թուրքիան` պետնախարարի, իսկ մնացած անդամ-երկրները ներկայացված են եղել փոխնախարարների մակարդակով: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԾՏՀ դիտորդ եւ սեկտորային գործընկեր երկրների, ՍԾՏՀ հարակից կազմակերպությունների, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորել եւ ելույթով հանդես է եկել ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել եւ համապատասխան որոշումներ են ընդունել ՍԾՏՀ գործունեության բարելավման, կազմակերպության շրջանակում եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, ֆինանսական, ինչպես նաեւ կազմակերպության խնդիրների հետ կապված հարցերի վերաբերյալ:

ՍԾՏՀ ԱԳ նախարարներն ընդունել են «Սեւծովյան տարածաշրջանում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ հռչակագիրը», որը կներկայացվի այս տարվա դեկտեմբերին Մեքսիկայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի վեհաժողովին:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «ԱՄՆ կառավարության եւ ՍԾՏՀ կազմակերպության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» մտադրությունների հուշագիր:

Հանդիպման վերջում հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ նախագահությունը Հունաստանից փոխանցվել է Ռումինիային, որը 2011թ. հունվարի 1-ից կստանձնի նախագահողի իր պարտավորությունները:

ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ իր գործընկերների հետ: