«Արմավիան» եւ «Զվարթնոցն» իրենց անհասկանալի գնային քաղաքականությամբ լրջորեն խոչընդոտում են դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցելություններին։ Այսօր՝ նոյեմբերի 29-ին տուրօպերատորների ընդհանուր դժգոհությունը լրագրողներին փոխանցեց «Ավարայր տուր» զբոսաշրջային ընկերության նախագահ Արկադի Սահակյանը։
Նրա տեղեկացմամբ՝ Փարիզ-Երեւան ինքնաթիռի տոմսն արժե 480-600 եվրո, այնինչ Անկարա կարելի է մեկնել 180 եվրոյով։ Գների նման տարբերությունը թույլ չի տալիս տուրօպերատորներին՝ ճկուն մարկետինգային քաղաքականություն վարել։ Ավելին՝ ազգային օպերատորի կարգավիճակ եւ մենաշնորհ ստացած «Արմավիան» հրաժարվում է զեղչեր կիրառել, իսկ «,Սիբիրյան ավիաուղիները» հայկական զբոսաշրջային ընկերություններին 40 տոկոս զեղչ է տրամադրում։
Ավելի վատ է վիճակը «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված, ուր նույնպես տարաբնույթ ծառայությունների համար շատ բարձր սակագներ են սահմանել։ «Այդպիսի թանկ օդանավակայաններ աշխարհում շատ քիչ կան»,- ասաց Ա. Սահակյանը։ Նրա կարծիքով՝ հենց օդանավակայանի բարձր գներն էլ մասամբ պատճառ են «Արմավիայի« տոմսերի թանկության, քանի որ յուրաքանչյուր տոմսի վաճառքից օդանավակայանին է տրվում 60 դոլար։





























