Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած 2009-10 թթ. համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, 133 երկրների շարքում զբաղեցրել է 97-րդ տեղը: Զեկույցը կազմվել է 2008 թ. վիճակագրական տվյալների և 2009 թ. ապրիլին Հայաստանի 80 գործարարների հարցումների հիման վրա: Հետևաբար` զեկույցում ճգնաժամային իրավիճակը լրիվ չի արտացոլվում, քանի որ Հայաստանի տնտեսության վրա ճգնաժամն առավել խորը արտացոլվել է 2009 թ. ընթացքում:
Հայաստանը լավագույն ցուցանիշ ունի մակրոտնտեսական կայունության մասով (53-րդ տեղ), վատագույն ցուցանիշ` ապրանքների շուկայի արդյունավետության մասով (116-րդ տեղ): Վերջին ցուցանիշը ցույց է տալիս շուկայի մենաշնորհացման աստիճանը:
Որպես էական թերություններ Հայաստանի համար նշվում են նաև մաքսային ընթացակարգերը, վենչուրային կապիտալի անմատչելիությունը, բիզնես-կրթության որակը, տեխնոլոգիական ապրանքների պետական գնումների քաղաքականությունը: Դրա փոխարեն Հայաստանը աշխարհում առաջին տեղն է գրավում «մալարիայի ազդեցությունը գործարարության վրա» ցուցիչով: Հայաստանի ցուցանիշները բարձր են նաև ՍՊԻԴ-ի տարածվածության, պետական պարտքի, աշխատանքային հարաբերությունների, գյուղատնտեսական քաղաքականության մասով:
Համաշխարհային մրցունակության զեկույցի վերաբերյալ մանրամասներ այսօր լրագրողներին ներկայացրել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:



























