Թերթն անդրադարձել է հայաստանի էներգետիկ համակարգի վերականգնման խնդիրներին եւ նկատել, որ 1990-ական թվականների սկզբից սկսված էներգետիկ համակարգի քայքայումը չափազանց ծանր նստեց երկրի վրա: Ֆինանսական եւ տնտեսական եղած հզորությունների զգալի մասն ուղղված էր երկրի էներգետիկ պահանջարկի բավարարմանը, սակայն բնակչությունը ստանում էր օրական ընդամենը 2 ժամ հոսանք: Երկար տարիներ պահանջվեց այդ վիճակից դուրս գալու համար:
«Ներկայումս Հայաստանի տնտեսության արդյունավետ գործող ոլորտներից մեկը էներգետիկան է: Իրականացված ֆինանսական առողջացման միջոցառումների շնորհիվ 2004 թվականից էներգետիկ ոլորտը սկսեց աշխատել ինքնածախսածածկմամբ: Սա չափազանց մեծ ձեռքբերում էր, եթե նկատի ունենանք, որ տարիներ շարունակ այս համակարգը կուտակել էր ոչ միայն մեծ չափերի հասնող պարտքեր, այլեւ դարձել էր մի տեսակ դանայան տակառ, որտեղ անընդհատ լցվում էին թե պետական բյուջեի, թե ներգրավվող արտասահմանյան մեծածավալ վարկային միջոցները, բայց պարտքերը դրանից ոչ միայն չէին նվազում, այլեւ աճում էին:
Այս վիճակից հաջողվեց դուրս գալ միայն բաշխիչ ցանցերը մասնավորեցնելու ճանապարհով: Թեեւ այդ որոշումը դյուրին չստացվեց:
Չնայած հասարակական դժգոհությանը, համարելով, որ դա է խնդրի լուծման միակ տարբերակը, Ռ.Քոչարյանի նախագահության սկզբնական շրջանում որոշվեց մինչեւ վերջ հասցնել բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը: Ահա թե ինչ է ասում նա այդ տարիներին իրականացված մի շարք կարեւոր տնտեսական ձեռնարկների մասին, որոնք ոչ միայն չէին վայելում հասարակության աջակցությունը, այլեւ իրականացվում էին լուրջ ընդդիմության պայմաններում.
-Այն ամենը, ինչ անում էինք այն ժամանակ, ժողովրդականություն չէր վայելում. էլեկտրաէներգիայից ու տրանսպորտից օգտվելու արտոնությունները դրամական փոխհատուցմամբ փոխարինելուց մինչեւ «Արմենիա» հյուրանոցի եւ Երեւանի կոնյակի գործարանի սեփականաշնորհումը: Անհրաժեշտ էր վերացնել բոլոր խոչընդոտները մասնավոր ձեռներեցության ճանապարհին եւ բացել դռներն օտարերկրյա ներդրումների առջեւ:
Ըստ որում, խոսքը ինչպես խոր օրենսդրական ու կանոնադրական փոփոխությունների, այնպես էլ դրանց գործնական կիրառման մասին է: Խոստովանեմ` հեշտ չէր: Ձեռնարկվող քայլերի անայլընտրանքայնության ըմբռնման բացակայությունը հասարակության մի մասի կողմից մեծ էր: Անհրաժեշտ էր գործընթացն առաջ տանելու կամք, երբեմն՝ պարզապես համառություն:
Եվ այդ համառությունը երկար սպասել չտվեց: Մասնավորապես բաշխիչ ցանցերի մասնավորեցումը, որն իրականացվեց մեծ դժվարությամբ, շուտով տվեց իր արդյունքը: Այն շրջադարձային եղավ ամբողջ էներգետիկ համակարգի համար: Սեփականատերը ստանձնեց ձեռք բերվող էլեկտրաէներգիայի դիմաց ամբողջական վճարումներ կատարելու պարտավորություն, ինչը պայմաններ ստեղծեց արտադրող կայաններում նոր պարտքեր չկուտակելու համար: Սա դարձավ համակարգի առողջացման հիմքերից մեկը:
…Էներգետիկ ոլորտում արձանագրված ամենալուրջ ձեռքբերումներից մեկը Ռոբերտ Քոչարյանի օրոք Իրան-Հայաստան գազատարի կառուցումն էր: Այս խնդիրն արդիական էր դեռեւս 1990-ականներից: Սկսած 1993 թվականից՝ Հայաստանը բանակցություններ էր վարում Իրանի հետ՝ գազատար կառուցելու վերաբերյալ: Բայց երկար ժամանակ դրանք այդպես էլ գործնական որեւէ արդյունքի չէին հանգեցնում:
Միայն 2006թ., նախագահ Ռ.Քոչարյանի ջանքերի շնորհիվ հաջողվեց կառուցել Իրան-Հայաստան գազատարը, որը թողարկվեց 2007թ.: Դա չափազանց լուրջ ձեռքբերում էր Հայաստանի էներգետիկ համակարգի համար, ինչը վերջապես հնարավորություն տվեց ունենալ այլընտրանքային գազամատակարարման աղբյուր»,- գրում է թերթը:





























