Ադրբեջանում չհասցրին «մարսել» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված նախաստորագրված փաստաթուղթը, երբ մեր հարեւանների մոտ անհանգստանալու նոր առիթ է ստեղծվել, ինչի վրա ստիպված են կենտրոնացնել ողջ ուշադրությունը։
Մի շարք թուրքական պարբերականներ գրել են, որ Եվրոպական միությունը ցանկություն ունի Nabucco-ի գազատարը անցկացնել ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով։ Այս հրապարակումները, որոնք հիմնականում հղում են կատարում Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, վերջին իրադարձությունների համատեքստում դժվար թե պատահականություն լինեն։ Թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, վաղ է ասել, սակայն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում չափազանց շատ հետաքրքվածությունը հաստատում են վերոնշյալ աշխարհաքաղաքական ուժերի ցանկությունը Հայաստանին ներգրավելու տարածաշրջանային տնտեսաական մեծ նախագծերի մեջ։
Չնայած որ հայ-թուրքական հարաբերությունները դեռեւս, մեղմ ասած, գտնվում են սաղմնային շրջանում եւ դժվար է ասել, թե ինչպես կավարտվի կարգավորմանն ուղղված սկսված գործընթացը, Բաքվում արդեն հիստերիա են բարձրացրել։ Մասնավորապես «Эхо» պարբերականի այսօրվա համարում տպագրվել է «Nabucco-ն կանցնի Հայաստանով» խորագրով մեծ հոդված, որտեղ ոչ միայն խոսում են այդ մասին՝ որպես ավարտված գործողության, այլեւ իբր փորձում են հանգստացնել ադրբեջանական հասարակությանը։
Մի շարք ադրբեջանցի պաշտոնյաներ փորձել են ընդգծել Ադրբեջանի կարեւոր դերը Nabucco-ի ծրագրում՝ այնպես ներկայացնելով, կարծես թե Ադրբեջանն է որոշում, թե ինչպես է անցնելու գազատարը։ Այսպես, Ադրբեջանի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարարության մամուլի քարտուղար Ազեր Մասիմլին նորից բարձրացրել է տարածքային ամբողջականության հարցը. "Մինչեւ տարածքային ամբողջականության հարցում ղարաբաղյան հակամարտության արդարացի որոշում չլինի, մենք չենք համաձայնի Հայաստանի մասնակցությանը որեւէ նախագծի։ Այդպիսին է մեր պետության դիրքորոշումը, եւ մենք հետեւում ենք դրան։
Ավելի ուշագրավ է Ադրբեջանի արտգործնախարարությունից նրա ոչ պակաս հայտնի գործընկերոջ Էլհան Փոլուխովի խոսքը։ Նա ասել է, որ հակամարտության կարգավորման ավարտին հնարավոր չէ խուսափել Ադրբեջանի իշխանությունների՝ Ղարաբաղի վրա ունեցած վերահսկողության կորստից։ «Ադրբեջանը պատրաստ կլինի վերացնել կոմունիկացիոն շրջափակումը Հայաստանի նկատմամբ միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղի 5 շրջաններից դուրս կբերվեն հայկական զինված ուժերը եւ նաեւ հստակ կնշանակվի մնացած երկուշրջանից դրանց դուրս բերման ժամկետը»։
Դժվար չէ նկատել, որ ԱԳՆ ներկայացուցչի խոսքի մեջ ոչ մի բառ չկա Ղարաբաղի մասին, իսկ ողջ ասվածը զարմանալիորեն համընկնում է վերջերս մասամբ հրապարակված մադրիդյան սկզբունքների հետ։
Մնում է միայն ենթադրել, որ թուրքական մամուլում հրապարակված այդ լուրերը որոշակի հիմքեր ունեն։ Նույնիսկ բացառված չէ, որ տեղեկատվական այս արտահոսքը, որը թերեւս թուրքերի միջոցով իրականացնում է Արեւմուտքը, նպատակ ունի հերթական անգամ Ադրբեջանին հասկացնել, որ տեղի ունեցած փաստը կտրուկ մեծացնում է Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում եւ այն թելադրված է Կովկասում յուրատեսակ հավասարակշռության ապահովման ցանկությամբ։




























