ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը այսօր` նոյեմբերի 30-ին շրջանառության մեջ է դնելու օրենքի փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է չեղյալ հայտարարել տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության օրինագծում կատարված փոփոխությունները: Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը՝ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ չնայած տարվող քարոզչությանը` քաղաքացիները չեն ապահովագրում մեքենաները: «Քաղաքացիների կողմից դա համատարած չի ընդունվում, չնայած քարոզչական լայնածավալ հարձակմանը»,-հայտարարեց պատգամավորը: Ըստ նրա՝ պարտադիր ապահովագրությունը լրացուցիչ ֆինանսական բեռ է սոցիալական ճգնաժամի պայմաններում, եւ բացի այդ, մեքենան ընդամենը տրանսպորտային միջոց է, ոչ թե առանց քրտինք թափելու հարստանալու եղանակ: Վերջապես իշխանությունները պետք է գնան իրական տնտեսությունից, իրական գործարարությունից հարստություն կուտակելուն, այլ ոչ թե քաղաքացիներին անընդհատ ֆինանսական բեռի տակ գցելու ճանապարհով»,-հայտարարեց Մարտիրոսյանը:
NEWS.am-ի հարցին, թե որքա՞ն է հավանականությունը, որ օրինագիծը կընդունվի խորհրդարանի կողմից, քանի որ այն խփելու է որոշ անձանց գրպանին, Մարտիրոսյանը նկատեց. «Ես այսպիսով մի քանի անձանց գրպանին եմ խփելու, որոնց մեջ կլինեն նաեւ մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք շահագրգռված են եղել, որ այսպիսի օրինագիծ անցկացվի: Իսկ նախագծի արդյունավետությունը 100 տոկոս եմ գնահատում»: Մարտիրոսյանը կոչ արեց իշխանություններին՝ կատարել քաղաքացիներին շահերին միտված քայլեր, այլ ոչ թե այնպիսիք, որոնցից մեկն էլ պարտադիր ապահովագրումն է, որոնք խթանում են հեղափոխական պրոցեսները:





























