Թուրքիայում ոստիկանությունը 12 իրավապաշտպանի է ձերբակալել, այդ թվում՝ «Amnesty International»-ի թուրքական գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերին: Իրավապաշտպաններին ձերբակալել են Բույուկադա կղզու հյուրանոցներից մեկում հանդիպման ժամանակ: Պատճառը հայտնի չէ:

Նշվում է, որ ձերբակալվածների թվում երկու օտարերկրացի կա՝ Գերմանիայի եւ Շվեդիայի քաղաքացիներ, ինչպես նաեւ հյուրանոցի սեփականատերը:

Ըստ Reuters-ի՝ «Amnesty International»-ը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, որոնք մասնակցել են անվտանգության եւ տեղեկատվության կառավարման հարցերի նվիրված սեմինարի:

«Դա իշխանության չարաշահում է, որն ընդգծում է անկայուն իրավիճակը, որին բախվում են իրավապաշտպանները Թուրքիայում»,- ասել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շետին: