Հայ-խորվաթական գործարար համաժողովը կապեր հաստատելու եւ երկրների համագործակցության ուղիներն ուրվագծելու հնարավորություն է ընձեռում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 8-ին Զագրեբում ընթացող հայ-խորվաթական առաջին գործարար համաժողովի ժամանակ։
«Երկու երկրներն ունեն տնտեսական զարգացման ներուժ, կարող են համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ „Հյուսիս-Հարավ“ երկաթգծի ու ԱԷԿ-ի շինարարության ներդրումային ծրագրերի ենթակառուցվածքներում։ Դրանք մի քանի միլիարդ դոլար արժողությամբ նախագծեր են, եւ որտեղ հնարավորություններ կան նաև խորվաթական ֆիրմաների համար»,- հայտարարել է Հայաստանի նախագահը։
Այդ կապակցությամբ, Խորվաթիայի նախագահ Ստեպան Մեսիչը նշել է, որ Խորվաթիան մի երկիր է, որի նավահանգստային ենթակառուցվածքը թույլ է տալիս դուրս գալ այլ երկրների շուկաներ։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Խորվաթիայում, որտեղ այս պահին ընթանում է հայ-խորվաթական առաջին գործարար համաժողովը։ Այցի առաջին օրը Վելիկի Բրիյուն կղզում գտնվող Սպիտակ ամառանոցում տեղի է ունեցել Հայաստանի ու Խորվաթիայի նախագահների հանդիպումը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացած ընդլայնված կազմով բանակցություններն ու պետությունների ղեկավարների համատեղ մամլո ասուլիսը։




























