Հայաստանի գյուղնախարարության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի` գյուղնախարարությանն ուղղված քննադատությունից հետո հանդիպել է նրան եւ բացատրել, որ իր` Գյուլզադյանի մասով քննադատությունն անտեղին է, քանի որ ինքն օբյեկտիվ պատճառներով չի կարողացել իրականացնել իր պարտականությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Գյուլզադյանը:
«Երբ մենք խոսեցինք, արդեն գնացքը գնացել էր եւ որեւէ բան փոխել այլեւս հնարավոր չէր»,-ասաց նա: Գյուլզադյանն անդրադարձավ նաեւ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի այն հայտարարությանը, թե գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի տեսչության պետի աշխատանքից հեռացնելու փաստը նաեւ վարչապետի կողմից բարոյական ճնշման հետեւանք է: «Ես չեմ պատրաստվում խորանալ բարոյական ճնշման հետեւանքների մեջ, սակայն ասեմ, որ Քաղաքացիական ծառայության խորհրդին ավելի եմ վստահում, քան մեր դատական համակարգին եւ այդ պատճառով չեմ պատրաստվում վիճարկել ՔԾ կայացրած որոշումը»:
Ի դեպ, կառավարության որոշմամբ` գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչությունն ու բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչությունը միավորվելու են եւ ստեղծվելու է նոր կառույց: Թե ով է գլխավորելու այդ նոր կառույցը` Գյուլզադյանին հայտնի չէ: «Պետք է նկատել, որ կառավարությունը խելամիտ որոշում է կայացրել, սակայն ցավում եմ, որ բարձրացված աղմուկի արդյունքնում է այդ որոշումը կայացվել: Առաջիկա նիստի ընթացքում կառավարությունը կսկսի համապատասխան վերակառուցման գործընթացը»,-արձագանքեց տեսչության նախկին պետը: Նա, սակայն, իր` աշխատանքից հեռացվելու որոշումը կառավարության այդ որոշմամբ չի պայմանավորում, այլ հիշյալ տեսչություններում ի հայտ եկած «կատաստրոֆիկ վիճակով»:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 4-ի կառավարության նիստում մի շարք նախարարությունների, այդ թվում` գյուղնախարարությանը, քննադատել էր պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար, եւ գյուղնախարարին հանձնարարել էր` «լուծել բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը»: Արդեն նոյեմբերի 19-ին Հայաստանի Քաղաքացիական ծառայության խորհուրդը արագացված կարգով` մեկ շաբաթ տևած ծառայողական քննությունից հետո տվել էր իր համաձայնությունը` տեսչության պետ Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատելու հարցում:
Գյուլզադյանին մեղադրում են թունաքիմիկատներ վաճառող խանութներում ստուգումներ անցկացնելու ժամանակ իր պարտականությունները պատշաճ չկատարելու, առկա թերությունները չարձանագրելու ու խանութները չտուգանելու մեջ:





























