Արդեն 10 տարի է՝ Հայաստանում հեռուստատեսությունը կորցրել է մարդկանց ուղեղների վրա ազդելու մենաշնորհը։ Այս մասին հուլիսի 7-ին Ազգային ժողովում հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ 2016 թվականին Ազգային հեռուստա եւ ռադիոընկերության հանձնաժողովի գործունեության հաշվետվության քննարկումներում իր ելույթում։
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչ արժեհամակարգով է առաջնորդվում հայ հասարակությունը։
«Հեռուստատեսությունը միայն առիթ է խոսել այդ ամենի մասին։ Արժեհամակարգի 3 աղբյուր գոյություն ունի՝ հավատը, ազգային ինքնությունն ու քաղաքացիական կրթությունը կամ ժողովրդավարությունը։ Այժմ մենք պետք է հասկանանք՝ ինչպիսի արժեհամակարգի հիման վրա ենք ձեւավորում կոնսենսուսը՝ կրոնական, ազգային, թե քաղաքացիական։ Ի դեպ, այստեղ կարելի է կիրառել եւ-եւ-եւ-ի սկզբունքը։ Աղբյուրներից մեկը չի բացառում մյուսին։ Հատկապես հայերի պարագայում ազգային ինքնության մասը նաեւ հոգեւոր է, եւ իր բոլոր ատրիբուտներով ժողովրդավարական պետություն կառուցելու ցանկություն կա»,- նշեց Արմեն Աշոտյանը։
Պատգամավորը հավելեց, որ ներկա համաշխարհային տենդենցները, այնպիսին են, որ ցավոք սրտի հեռուստատեսությունը դուրս չի մղվի շուկայից, սակայն դրա ազդեցությունը կտրուկ կնվազի։





























