ԱՄՆ կոնգրեսական Դեւիդ Ցիցիլինը պատրաստվում է արգելափակել F-35 կործանիչների մատակարարումը Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի թիկնապահների մասնակցությամբ միջադեպի պատճառով:
Defensenews-ը հայտնում է, որ Ցիցիլինը համապատասխան լրացում է մտցրել 2018 թվականի պաշտպանության իրավազորության օրենքում, որը պետք է քննարկվի հաջորդ շաբաթ:
Թուրքիան ծրագրում էր ավելի քան 100 կործանիչ գնել, ըստ որում` առաջինը նախատեսել էր ստանալ արդեն 2018 թվականին:
Ավելի վաղ կոնգրեսական Դեյվ Թրոթն ուղղում էր առաջարկել, որով արգելվելու էր Թուրքիային ատրճանակների վաճառքը, իսկ Դոն Բեյերը հանդես էր եկել այն անձանց վիզայի տրամադրման արգելքի օգտին, որոնք մասնակցել են Վաշինգտոնում միջադեպին:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի ոստիկանությունը 18 անձանց մասին է հայտնել, որոնց մեղադրանքներ են առաջադրվել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար: Նրանց թվում 9-ը անվտանգության աշխատակիցներ են եւ 3-ը` թուրք ոստիկաններ:





























