Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատունը տհաճ վիճակում է հայտնվել։
haqqin.az–ը, վկայակոչելով Anonymous Bulgaria ցանցահենային խմբին, հայտնել է, որ 2017 թվականի հունվարին Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանի վարորդը ճանապարհային պատահարի մեջ է հայտնվել, որի պատճառով տուգանվել է 100 բուլղարական լեւով (58 դոլար)։ Ադրբեջանցի դիվանագետները տուգանքը վճարելու եւ գործը փակելու փոխարեն, երկար նամակագրություն են սկսել Բուլղարիայի ԱԳՆ–ի հետ՝ խնդրելով այդ տուգանքը չեղարկել։
2017–ի հունվարին Բուլղարիայի ԱԳՆ միջոցով տուգանքի անդորրագրերը ստանալուց հետո դեսպանատան աշխատակից Քենան Մամեդովը (դեսպանատան 3-րդ քարտուղար) բազմաթիվ զանգերով ու ուղերձներով ԱԳՆ պաշտոնյաների հետ հանդիպում է խնդրել պատահարի հանգամանքների վերաբերյալ զիրուցելու համար։ Բուլղարացի դիվանագետները հայտնել են, որ չեն կարող տուգանքը չեղարկել եւ նշել են, որ իրավասու չեն միջամտելու մասնավոր ընկերությունների պայմանագրային հարաբերություններին։ Հանդիպման խնդրանքին էլ պատասխանել են՝ խնդրելով հստակեցնել հանդիպման պատրվակը։
Քենան Մամեդովը նամակ է գրել Բուլղարիայի ԱԳՆ։ Իր հանգամանալից նամակի վերջում նա Բուլղարիայի ԱԳՆ–ին կոչ է արել մտնել դրության մեջ եւ հիշեցրել է, որ բուլղարացի դիվանագետները կարող են համանման իրավիճակներում հայտնվել Բաքվում։ «Խնդրում եմ մեզ ճիշտ հասկանալ։ Մեզ համար խնդիրը տուգանքը վճարելը կամ չվճարելը չէ, այլ այն, որ մեր հարաբերությունները փոխադարձ լինեն։ Այս սկզբունքի վրա հիմնվելով՝ մեր դեսպանատունը ստիպված է յուրաքանչյուր նման դեպքի մասին մայրաքաղաք զեկուցել, եւ Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցների առջեւ նույնպիսի խնդիրներ կծագեն։ Սակայն փոխադարձ հարգանքի եւ ըմբռնման ոգով մենք կցանկանայինք մեր երկկողմանի հարաբերություններում խուսափել նման անախորժ միջադեպերից»,– եզրափակել է Մամեդովը




























