«Տաթեւի թեւեր» ճոպանուղու կառավարման համակարգերը ոչնչով չեն զիջում «Բոինգ» օդանավի կառավարման համակարգերին եւ ապահովում են առավելագույն անվտանգություն; Այսօր` դեկտեմբերի 1-ին այդ մասին հայտարարեց ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը։
Ըստ ճոպանուղու տեխնիկատնտեսական պարամետրերի՝ վագոնները մի կայարանից մյուսն են հասնում 11 րոպեում (ձմեռային ռեժիմի դեպքում՝ մի քանի րոպեով ավելի)։ Գործնականում ճոպանուղին տեղ է հասնում 13-14 րոպեում, երբեմն լինում են չնախատեսված կանգառներ։
Ըստ Ղազարյանի՝ այդ ուշացումներն ու կանգառները պայմանավորված են բացառապես բնակլիմայական գործոններով։ Տեղանքը քամոտ է, եւ կախված քամու արագությունից եւ ուղղությունից, ինչպես նաեւ՝ այլ եղանակային փոփոխություններից, ճոպանուղու կառավարման սարքերը ավտոմատ կարգավորում են երթուղին, ընդհուպ կարող են կանգնեցնել վագոնը։ Եղել է դեպք, երբ ուղեւորներով լի վագոնը ճանապարհի մեջտեղում կանգնած է մնացել 40 րոպե, սակայն Ղազարյանն ասում է, որ դա բացառիկ, ծայրահեղ դեպք է, սովորաբար դադարները, եթե լինում էլ են, մի քանի րոպեից ավելի չեն տեւում։
Ճոպանուղին կառուցել է Caraventa Doppelmayer շվեյցարա-ավստրիական ընկերությունը, որը ողջ աշխարհում տարեկան կառուցում է ավելի քան 100 ճոպանուղի։ Այս ընկերության կառուցած որեւէ ճոպանուղի երբեւէ չի խափանվել, եւ ուղեւորները երբեւէ չեն վնասվել։
Ճոպանուղին ունի 30 աշխատող, որից 29-ը հարակից գյուղերի բնակիչներ են՝ ամսական 100 հազ. դրամ (մոտ 280 դոլար) միջին աշխատավարձով։





























