Այսօր` դեկտեմբերի 1-ին կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որտեղ հաստատվել է ծրագրի 2010-2013 թթ. ֆինանսական տարիների եւ մինչեւ 2014 թ. հունիսի 30-ն ընդգրկող ժամանակահատվածի աուդիտորի տեխնիկական առաջադրանքը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Կառավարման խորհուրդը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին 2011 թ. փետրվարին Կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ Աշտարակ-Թալին հատվածի ճշգրտված հողերի օտարման ծրագրի եւ դրա իրականացման համար բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է նաեւ ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի վարկային պայմանագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցութուններ վարելու նպատակով:
Քննարկվել է նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին մայրուղու` Ագարակ եւ Ուջան բնակավայրերում ու Զաքարի Բերդ հնագիտական վայրում ճանապարհի ծրագրի նախագիծը:
Խորհուրդը հավանություն է տվել Ճապոնիայի կառավարության կողմից զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակության ծրագրերի շրջանակներում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երրորդ տրանշի ֆինանսավորման նպատակով ներկայացված նամակ-հայտին եւ հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին` զբաղվել տվյալ նամակ-հայտը Ճապոնիայի կառավարությանը ներկայացնելու համար պահանջվող գործընթացներով:




























