Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ձեռնարկություն» ընկերության  նախագահ Քշիշտոֆ Զարնոտալի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնում է, որ Մ.Վարդանյանը ողջունելով լեհական ընկերության ներկայացուցիչներին` առաջարկել է ընդլայնել տրանսպորտի եւ կապի ոլորտում համագործակցության շրջանակը եւ այդ ուղղությամբ ներկայացնել կոնկրետ առաջարկություններ:

Ք. Զարնոտալինը հայտնել է, որ «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ձեռնարկություն» ընկերությունը աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում հետաքրքված է  տախոգրաֆների կամ հսկիչ սարքերի նոր համակարգի ներդրմամբ: Ք.Զարնոտալինը մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեության ոլորտները եւ նշել, որ այն զբաղվում է  տախոգրաֆների, ավտոմեքենաների տեխնիկական զննության կտրոնների, վարորդական իրավունքի վկայականների, արժեթղթերի արտադրությամբ, որոնք արտահանվում են աշխարհի ավելի քան 30 երկրներ:

«Լեհաստանի արժեթղթերի արտադրության ձեռնարկություն» ընկերության  նախագահը հայտնել է, որ  իրենք հետաքրքրված են Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմամբ:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը ներկայացնել համագործակցության վերաբերյալ առաջարկների փաթեթ: