Ֆինանսական ռեսուրսները, որոնք ձեռք են բերվում Հայաստանի կողմից եւ ուղղվում տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելուն, միաժամանակ նույն այդ տնտեսվարող սուբյեկտների համար ծանր եւ մշուշոտ վիճակ են ստեղծում, քանի որ վարկավորման տոկոսադրույքները շատ բարձր են: Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Այնինչ, Հայաստանի նման փոքր երկրների պարագայում մենք այլընտրանք չունենք, քան զարգացնել փոքր եւ միջին բիզնեսը։ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանում միշտ դեմ է քվեարկել բոլոր այն օրինագծերին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ մանր եւ միջին բիզնեսի խթանմանը։ Ավելին, ԲՀԿ-ի ներկայացրած օրինագծի համաձայն, առաջարկ է արվում պետբյուջեի 0,5 տոկոսը, այսինքն ՝ 5 մլրդ դրամ կամ 13 մլն դոլար, տրամադրել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը։ Իսկ եթե վարկերն անհատ ձեռներեցներին տրվեն անտոկոս կամ ցածր տոկոսներով, պարզ է,որ բիզնեսի խթանումն ավելի հեշտ եւ արագ կստացվի»,- համոզմունք հայտեց ԲՀԿ պատգամավորը:
Խոսելով հայկական արտադրանքի՝ միջազգային շուկաներում արժանի տեղ գրավելուն ուղղված պետության ջանքերի մասին՝ Բոստանջյանը նկատեց. «Ներկայումս չի նկատվում, որ Հայաստանն աշխատանքներ է տանում միջազգային շուկաներում մեր արտադրանքի համար լավ տեղեր ապահովելու համար։ Բայց կա նաեւ մեկ այլ հանգամանք. մեր երկրում չկա այնպիսի արտադրանք, որը մրցունակ կլինի նույն այդ միջազգային շուկաներում։ Այդ է պատճառը, որ արտաքին շուկաներում տեղեր փնտրելուց առաջ պետք է արտադրողներին խթանել, որպեսզի վերջիններս ամեն ինչից առաջ մրցունակ ապրանք թողարկեն»,- նկատեց Բոստանջյանը։




























