«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի կիսում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի այն կարծիքը, թե ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը ավելորդ սոցիալական բեռ է հասարակության վրա եւ որ այդ օրենքը պետք է չեղյալ հայտարարել։ Այս մասին Բոստանջյանն ասաց դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի աուլիսի ժամանակ։
«Ես դեռեւս չեմ կիսում այդ մոտեցումը, քանի որ մեքենաների պարտադիր ապահովագրության կարգը գործում է ողջ աշխարհում։ Սակայն պետք է նաեւ ասեմ, որ մենք չունենք գործընթացի իրականացման համապատասխան մեխանիզմներ եւ ֆինանսական ռեսուրսներ։ Եթե մենք, ի դեմս պարտադիր ապահովագրության, ունենանք 100 միավոր մուտք, որից 10 միավորը կտրամադրվի վթարների փոխհատուցմանը, ապա մնացած 90 միավորների վերաբերյալ հստակ պատկերացումներ չենք կարող ունենալ, թե որտեղ պետք է տեղադրվեն եւ մեր երկրին ինչպիսի օգուտ պետք է բերեն դրանք»,- բացատրեց պատգամավորը։
Անդրադառնալով Հայաստանում ազատ տնտեսական գոտիներ հիմնելու հարցին՝ Բոստանջյանը նկատեց, որ այդ ինստիտուտն իրեն «այնքան էլ չի գերում»։
«Մենք փոքր երկիր ենք։ Մենք դրա համար չունենք կարգավորման կատարյալ դաշտ։ Եթե ազատ տնտեսական գոտի ստեղծենք, բոլոր տնտեսվարող սուբյեկտները կգնան եւ այնտեղ կգրանցվեն՝ միայն նրա համար, որպեսզի չկատարեն պետության հանդեպ ստանձնած իրենց պարտավորությունները։ Դրա հետեւանքով մենք չենք ունենա եկամուտներ, որոնցով պետությունն իրականացնում է կարեւորագույն գործառույթներ»,- ամփոփեց Վարդան Բոստանջյանը։




























