Բյուջեի ուղղվածությունը երբեք չի կարող սոցիալական լինել, եթե այն հենված չէ սոցիալական ուղղվածությամբ օրենսդրության վրա: Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար, սոցապ նախկին նախարար Կարինե Հակոբյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, ըստ որոնց 2011 թվականի բյուջեն սոցիալական ուղղվածություն է ունենալու:
«Գումարներն ինչքան ուզում են թող ավելացնեն: Ասել եմ, նորից եմ կրկնում՝ անտակ տակառ է դա հիշեցնում, ինչքան լցնես, միեւնույն է դատարկ է լինելու, եթե հենված չէ սոցիալական օրենսդրության վրա: Իսկ մեր օրենսդրությունը գնալով ավելի է հեռանում ժողովրդի շահերից»,-նշեց Հակոբյանը:
Ըստ նրա՝ այնպիսի իրավիճակ է երկում, երբ պետությունը պաշտպանում է ոչ թե հասարակության, այլ այս կամ այն բիզնես խմբի կամ կուսակցության շահերը: «Ես շատ եմ կարեւորում օրենսդրությունը: Գտնում եմ, որ իշխանությունը, լավ, թե` վատ, կարելի է փոխել: Սակայն երբ օրենսդրությունն ենք այսպես անհուսորեն վատացնում, դա շատ ավելի դժվար է լինելու հետագայում փոխել»,-հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչն ու նշեց իր սիրած մեջբերերումներից մեկը. «Վատթարագույն բռնապետությունը դա վատ օրենսդրությունն է: Իսկ հիմա մենք այդ ճանապարհին ենք»:




























