Ապահովագրական բիզնեսը շատ ռիսկային է, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիիլ Խաչատուրովը։ Ավելին՝ ըստ Խաչատուրովի ավտոապահովագրական բիզնեսը հիմնականում վնասաբեր է։

«Միայն մեծագույն մենեջերը կարող է 2-3 տոկոս շահույթ ապահովել այս ոլորտում»,- ասաց Դ. Խաչատուրովը։ Սակայն ապահովագրական բիզնեսի առաջատար ընկերությունում համոզված են, որ ավտոապահովագրությունը, ընդ որում՝ նրա 2 տեսակներն էլ՝ պարտադիր եւ կամավոր, շատ կարեւոր դեր է խաղում ապահովագրության մյուս տեսակների զարգացման համար։ Այսինքն՝ պարտադիր ավտոապահովագրությունը նպաստում է ապահովագրական կուլտուրայի ձեւավորմանը, ապահովագրական ընկերությունների համար ապահովում հազարավոր հաճախորդների առկայություն։ Դ. Խաչատուրովը պարտադիր ապահովագրությունը համարեց նույնիսկ «կուլտուրական հեղափոխություն», որի միջոցով պետք է անցնեն բոլոր երկրները։

Խաչատուրովը չհերքեց, որ պարտադիր ապահովագրության վճարումների ընթացքում հնարավոր են կեղծարարություններ։ Եվրոպական երկրներում, օրինակ, դա հասնում է մինչեւ 10 տոկոսի, Ռուսաստանում՝ մինչեւ 15-17 տոկոսի։ «Դա շատ է, սակայն պլյուսներն ավելի շատ են, քան մինուսները»,- ասաց Խաչատուրովը։