Հայաստանի կառավարությունն իր այսօրվա` դեկտեմբերի 2-ի նիստում հավանության է արժանացրել Սեւանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն ստեղծելու մասին հայեցակարգը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշել է, որ հայեցակարգի նպատակը Սեւանա լճի ափին համաշխարհային մասշտաբով եզակի բարձրլեռնային մարզական համալիրի հիմնումն է, որը համալրված կլինի գերժամանակակից մարզագույքով եւ մարզասարքերով: Այն կունենա առեւտրի սրահներ, որտեղ կվաճառվի բարձրորակ արտադրանք: Համալիրը կծառայի նաեւ որպես օլիմպիական մարզական բազա հայ մարզիկների համար:

Ըստ նախարարի, մարզական համալիրի հիմնումը կնպաստի տեղական համայնքների սոցիալ- տնտեսական զարգացմանը` աշխատատեղերի ստեղծման միջոցով:

Այս ծրագրի իրականացման նպատակով ներդրումներ ներգրավելու համար բանակցություններ են վարվել գերմանական «Էռսամ ընդ Գոտվալդ ԳբՌ» ընկերության հետ: