Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարել՝ մոտ 30 օրենքների նախագծեր քննարկելու համար:
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է կառավարության անդամներին «Ազգային Ժողովի գործընկերների հետ աշխատանքները հասցնել տրամաբանական ավարտին եւ ներկայացնել վարչապետին զեկուցագրեր այդ օրենքների նախագծերի վերաբերյալ»: «Որպեսզի մենք, ելնելով այդ նախագծերի քանակից, որոշում ընդունենք արտահերթ նիստ հրավիրելու մասին, որպեսզի այդ շուրջ 30 օրենքների նախագծերը կարողանանք մինչեւ այս տարվա ավարտն ընդունել, որովհետեւ դրանք այն նախագծերն են, որոնք առնչվում են մեր բարեփոխումների հետ։ Դրա համար դուք ունեք մեկ շաբաթ ժամանակ` մինչեւ կառավարության հաջորդ նիստը ներկայացնել ձեր առաջարկությունները, ստանալ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովների կարծիքը, որպեսզի տեսնենք` որ նախագծերն են, որ մենք պատրաստ ենք ընդունել, արտահերթ նիստ հրավիրելով»,- նշել է վարչապետը ընդգծելով փոխկապակցվածության ինստիտուտի ներմուծման անհրաժեշտությունը։
«Խոսքն այն մասին է, որ խոշոր բիզնեսը կարողանում է բաղդատել իր գործառույթները փոքր մասերի, որպեսզի խուսափի հարկերի վճարումից` մաքսազերծում իրականացնելու գործառույթների ընթացքում եւ, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեն այդ բիզնեսի միասնականությունը ցույց տալու հնարավորություն ունենա, պետք է փոխկապակցվածության ինստիտուտը կիրառի։ Այս օրենքի նախագիծը մենք պետք է ճանաչենք անհետաձգելի, եւ այն պետք է նաեւ պետական բյուջեի հետ քննարկվեր ԱԺ-ում, որովհետեւ կար նաեւ քաղաքական որոշում, հանրապետության նախագահի կողմից տրված հստակ հանձնարարական»,- նշել է վարչապետը։




























