Գերմանական SAP ընկերությունը հանդիսանում է բիզնեսի կառավարման ծրագրային լուծումներ առաջարկող ընկերությունների առաջատարն աշխարհում։

Այսուհետ SAP-ը  լուծումներ կառաջարկի նաեւ հայաստանյան ընկերություններին։ Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 2-ին մեկնարկել է «SAP-ի  մուտքը Հայաստան» բիզնես ֆորումը։ Ֆորումի նպատակն է իրազեկել ներդրողներին, բիզնեսի գործադիր տնօրեններին եւ ֆինանսական վերլուծաբաններին SAP-ի ծրագրային լուծումների մասին, ու թե ինչպես SAP-ը կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը։

«Շիրակ տեխնոլոգիական ընկերության» հիմնադիր նախագահ Ավետիք Եսայանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ SAP-ի ծրագրերը բավականին թանկ են եւ նախատեսված են միջին ու խոշոր բիզնեսների  համար։ Սակայն այդ ծրագրային լուծումները մի քանի անգամ բարձրացնում են բիզնեսի կառավարման թափանցիկությունը եւ արդյունավետությունը։

«Այս լուծումները մի շարք այլ հնարավորություններ էլ են տալիս։ Դրանցից են՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը, ձեռնարկությունների ռեսուրսների կառավարումը, ժամանակի կառավարումը, բիզնեսի ճիշտ կանխատեսումն ու պլանավորումը եւ այլն»,-ասաց Ա. Եսայանը։

Ա. Եսայանի խոսքով՝ ներկայումս բիզնեսի որոշումներն ու կանխատեսումներն ընդունվում են ավելի շուտ ինտուիտիվ, սեփական զգացողությունների հիման վրա։ Բայց խոշոր բիզնեսի դեպքում միշտ չէ, որ ինտուիցիան ճիշտ է հուշում։  

Նշենք, որ SAP ընկերությունը գործում է աշխարհի 120 երկրներում։ Ավելի քան 20 արդյունաբերական ոլորտներում գործող 97 հազ. ընկերություններ կիրառում են SAP-ի ծրագրային լուծումները։