Հայաստանի կառավարությունն իր այսօրվա` դեկտեմբերի 2-ի նիստում որոշել է հիմնադրել աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամ Ըստ այդմ, հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը, նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նորաստեղծ հիմնադրամի նպատակն է օժանդակել աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմի հիմնմանը, տեխնածին եւ տարերային բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետեւանքների նվազեցմանն ու վերացմանը։ Հիմնադրամի միջոցները կգոյանան ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից տրամադրված, այդ թվում` օտարերկրյա, նվիրատվությունների, հանգանակությունների եւ այլ, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեության արդյունքում եւ կուղղվեն տեխնածին եւ տարերային բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցմանն ու հետեւանքների վերացմանը։